ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով Հայաստան կժամանի դեկտեմբերի 2-ին: Հաստատված է օրակարգը՝ ուր է գնալու, ում հետ է հանդիպելու: Վ. Պուտինն առաջին անգամ չէ այցելում Հայաստան: Սակայն նրա այս այցը նախորդներից տարբերվում է նրանով, որ քաղաքացիական հասարակության մի հատված խիստ վրդովված է և պատրաստ է իր բողոքն արտահայտել հակապուտինյան ակցիաներով: Պատճառը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունն է, որը մեր երկրին տարել-հասցրել է Մաքսային միության դուռը: Վրդովված են նաև առանձին քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ: Ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, «Յոթի գործով» նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի վրդովմունքն այնտեղ է հասել, որ պատրաստ է մեր իշխանությունների «գլուխը ջարդել», քանի որ նրանք մեր երկիրն այսպիսի կախվածության մեջ են գցել Ռուսաստանից:
ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, ով որոշակի հույսեր էր կապում Հայաստանի՝ եվրաինտեգրման հետ, երեկ իր ասուլիսում հայտարարեց, որ պահանջում է Սերժ Սարգսյանի ոչ թե հրաժարականը, այլ՝ պաշտոնանկությունը: Դավիթ Շահնազարյանը ևս պատրաստ է միանալ քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ինքնիշխանությունը պահպանելուն: Եվ քանի որ Դավիթ Շահնազարյանը փորձում է քաղաքակիրթ մեթոդներով պայքարել ՀՀ իշխանությունների դեմ, քննադատում է նաև ընդդիմադիր այն ուժերին, որոնք իրականացնում են պրոռուսական քաղաքականություն, շատերին տարակուսանք է պատճառել հենց վերջինիս դիրքորոշումը: Ինչո՞ւ է նա պահանջում ՀՀ նախագահի պաշտոնանկությունը և ոչ թե՝ հրաժարականը: Քանի որ այս հարցը երեկ ակտիվորեն շրջանառվում էր սոցցանցերում, արժե թերթել ՀՀ Սահմանադրությունը և առանց լիկբեզի մեջբերել նրա առանձին հոդվածները, որոնք վերաբերում են Նախագահի պաշտոնանկությանը և հրաժարականին: Սահմանադրության 57-րդ հոդվածում նշվում է. «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հարցի մասին եզրակացություն ստանալու համար Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ դիմում է սահմանադրական դատարան:
Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու մասին որոշումը սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կայացնում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Եթե սահմանադրական դատարանի եզրակացությամբ Հանրապետության Նախագահին պաշտոնանկ անելու հիմքերը բացակայում են, ապա հարցը հանվում է Ազգային ժողովի քննարկումից»:
Իսկ ահա 58-րդ հոդվածը սահմանում է. «Հանրապետության Նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետը լրանալուն պես, երկօրյա ժամկետում հրաժարականը կրկին ներկայացնելու դեպքում Հանրապետության Նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, և Սահմանադրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում անցկացվում է արտահերթ ընտրություն»:
Ակնհայտ է, որ Պուտինի այցից դժգոհ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց գործողություններն՝ ընդդեմ ՌԴ-ի կայսրապաշտական քաղաքականության շարունակելու են նաև առաջիկայում: Եվ որպեսզի ամեն ինչ չավարտվի «գլուխ ջարդելու» կոչերն ի կատար ածողների ցանկությամբ, պետք է գտնվեն քաղաքական լուծումներ: Հատկապես որ հանուն Հայաստանի ինքնիշխանության, Արցախի ազատագրման պայքարած ազատամարտիկները, չգտնելով քաղաքական լուծում, հնարավոր է, որ դիմեն ծայրահեղ քայլերի:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ